Taregir Logo
Icons


Հինգշաբթի
 
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԳՁԳԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
 
ԹՈՒՐՔԻԱՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՁԳՁԳԵԼ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Հայ-թուրքական արձանագրություններն, այնուամենայնիվ, կարծես թե թուրքերի սրտով են, ու այն վավերացնելու ցանկությունը չի լքել նրանց: Բայց` հարմար ժամանակին: Իսկ մինչ այդ հարմար ժամանակի գալը, թուրքական կողմն ամեն ինչ անում է գործընթացը ձգձգելու և դրանից հնարավորինս շատ օգուտ քաղելու համար:

Այսպես, ժամանակին հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումը, ապա եւ՝ վավերացումը կապում էին արցախյան խնդրի հետ: Արդյունքը եղավ այն, որ ակտիվացան ղարաբաղյան հարցի շուրջ քննարկումները, կայացան Աթենքի և Սոչիի հանդիպումները, սերտացան թուրք-ռուսական հարաբերությունները: Հասկանալի է, որ վերջին դիտարկումը հիմնականում առնչվում էր գազա-նավթային և այլ տնտեսական հարցերի հետ, սակայն չի բացառվում, որ Էրդողանը Մեդվեդևից առնվազն խոստում է կորզել, որ Ռուսաստանը գոնե թույլ չի տա ղարաբաղյան հարցը տեղաշարժել առաջիկա տարիների ընթացքում:

Թուրքիան, սակայն, հասկանում էր, որ ոչ Հայաստանը, ոչ էլ առավել ևս միջազգային հանրությունը թույլ չի տա հայ-թուրքական սահմանի բացումը կապել արցախյան խնդրի հետ: Այդ պատճառով գտան մի նոր պատրվակ` Սահմանադրական դատարանի որոշումը: Թուրքիայի ԱԳ նախարար Դավութօղլուն բողոքեց, որ որոշումը հակասում է արձանագրությունների "տառին և ոգուն": Թուրքիայում աղմուկ բարձրացավ:

Շուտով տեղեկացանք, որ Թուրքիան Շվեյցարիայից և ԱՄՆ-ից գրավոր հավաստիացում է պահանջել, որ ՍԴ որոշման որոշ կետերը չեն խանգարի իրեն կասկածի տակ դնել Հայոց Ցեղասպանության հարցը: Փետրվարի 3-ին էլ "News.am" լրատվական կայքը, հղում անելով թուրքական "Hurriyet" թերթին, գրեց, որ Թուրքիայի արտգործնախարարության խորհրդական Ֆերիդուն Սինիրօղլուն փետրվարի 4-ին կմեկնի Շվեյցարիա:

Այստեղ նա կհանդիպի շվեյցարացի իր գործընկեր Միխայել Ամբուլի (Michael Ambuhl) հետ և կբացատրի Հայաստանի ՍԴ-ի որոշման ու ստորագրված արձանագրությունների անհամապատասխան կետերը`պահանջելով, որ Հայաստանը հավատարիմ մնա ստորագրված արձանագրությունների բովանդակությանը:

Թուրքական կողմը սպառնում է, որ եթե Հայաստանն այս հարցում չկատարի իր պահանջածը, գործընթացը չի շարունակվի: Հայկական կողմը նման դիվանագիտությանը պատասխանում է փոխադարձ մեղադրանքով` նշելով, որ Թուրքիան ուզում է դուրս գալ գործընթացից և ՀՀԿ խոսնակ Է. Շարմազանովի խոսքերով՝ "փրփուրներից է կախվում": Ավելին` հայկական կողմը ակնարկում է, որ կարող է ընդհանրապես ետ վերցնել ստորագրությունը: Սա վատ միտում չէ, քանի որ հայ-թուրքական գործընթացից և մասնավորապես թուրքերից տեղական դիվանագետները գոնե սովորեցին սպառնալիքների լեզուն:

Ինչևէ, այս ամենը նման է պարզ բեմականացման: Քանի որ դժվար թե Թուրքիայում գտնվի մեկ խելքը գլխին դիվանագետ, որը չհասկանա իրենց արածի անմտությունը:

Նախ` չլսված բան է ՍԴ-ի որոշումը քննադատելու թուրքական քայլը, քանի որ, երբ մեկ երկրի հետ հարաբերություններ ես սկսում, պետք է որ լավ ուսումնասիրես թե այդ երկրի սահմանադրությունը, թե օրենքները: Եթե անգամ ՍԴ որոշման մեջ չհիշատակվեր Սահմանադրության նախաբանը, այդուհանդերձ Սահմանադրության նախաբանը մնում է նախաբան, ու հայկական կողմը ամեն դեպքում իրավունք չէր ունենա հակասահմանադրական քայլեր անել: Ինչ է, թուրքերը պատրաստվում են բոյկոտել ՀՀ Սահմանդրությո՞ւնը:

Երկրորդ կարևոր հանգամանքն այն է, որ այս հարցին սառը անտարբերությամբ է վերաբերվում միջազգային հանրությունը: Արևմուտքից բազմիցս հայտարարություններ են հնչել, որ ՍԴ որոշումը չի հակասում հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությանը:

Իսկ ահա Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության և Հյուսիսային Իռլանդիայի արտակարգ և լիազոր դեսպան Չարլզ Լոնսդեյլը "Նովոստի-Արմենիա" գործակալությանը հայտարարել է, որ "կողմերը պետք է վավերացնեն արձանագրություններն այն տեսքով, որով դրանք կան":

Այսպիսով, կարելի է ենթադրել, որ այս խաղն էլ Թուրքիան չի կարող շատ երկար առաջ տանել, բայց ձգձգել այն, իհարկե, հնարավոր է: Հավանաբար Թուրքիայի նպատակը և թիրախը գալիք տարվա ընտրություններն են: Թուրքիայում ազգայնականների ներքին ճնշումներից խուսափելու համար իշխող կուսակցությունը կփորձի գոնե մեկ տարով սառեցնել գործընթացը, իսկ ընտրություններից հետո այն նորից կակտիվանա:

ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 
 
 
Խմբագրական
ՄԻՆՉԵՎ ՈՍԿՈՐԸ ԴԱՆԱԿԸ ԴԵՌ ՃԱՆԱՊԱՐՀ ՈՒՆԻ ԱՆՑՆԵԼՈՒ
Ով ինչ ուզում է՝ թող ասի, ով որքան ուզում է՝ թող դժգոհի ու փնթփնթա, ով երբ ուզում է՝ թող կրճտացնի ատամներն ու անիծի իր բախտը, բայց ամենքը պիտի ընդունեն, որ հայի ինքնագիտակցությունը նոր հորիզոններ է նվաճել էս վերջին տարիներին, եւ մենք այլեւս նախկին բազմաչարչար ժողովուրդը չենք։
 
 

 
Այլ Էջեր
Գործընկերներ
ԼՐԱԳԻՐ.am Հայք
ՀԺ Հրապարակ
 
 
Արխիվ
Ընտրեք ամսաթիվը
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
<<Մարտի 2010 >>
Կայքի հին տարբերակը 
11.03.2010
GBP/AMD 583.49
CHF/AMD 360.54
USD/AMD 388.09
EUR/AMD 527.38
RUB/AMD 13.01
+18°C
 
 

Grzoo.DE - Internet Market

 

ՍԻԼ ՋՈՒՐ

 

 

Գովազդ

   
  Սկիզբ  |   Քաղաքական  |   Իրավունք  |   Տնտեսություն  |   Տարածաշրջան  |   Կրթություն  |   Հասարակություն  |   Մշակույթ  
Լրատվական գործունեություն իրականացնող`
"Տարեգիր" ՍՊԸ:
Գլխավոր խմբագիր` Վասակ Դարբինյան
Հասցե` Հայաստան, Երևան, Տիգրան Մեծ 49, 4-րդ հարկ
Հեռ՝ +374 (10) 57 39 03, +374 (91) 40 13 52


2003թ. Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Թղթակցությունները չեն գրախոսվում և չեն վերադարձվում հեղինակներին:
Մեջբերում անելիս հղումը "Տարեգրին" պարտադիր է: