ԱԺ-ն երեկ բուռն քննարկում է ծավալել: ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը քննադատեց ընդդիմությանը` իշխանության գործադիր թեւին լավ չքննադատելու համար:
"Եթե ես լինեի ընդդիմություն, կասեի՝ էս ի՞նչ օրինագիծ եք բերել խորհրդարան",-հայտարարեց Սահակյանը՝նկատի ունենալով կառավարության ներկայացրած Հարկային փոփոխությունների փաթեթը:
Այս օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունն առաջարկում է ավելացնել 8 նոր հարկատեսակ:
Գալուստ Սահակյանին երեկ այնքան զայրացրեց կոալիցիոն գործընկերների պասիվությունը, որ նա նրանց մեղադրեց անգիտության մեջ. "Ես վստահ եմ, որ հիմա դնենք քվեարկության, օրինագիծը կանցնի, բայց այս 15 օրը թող անգիտությունից հանի ձեզ":
Շարունակելով իր քննադատական խոսքը՝ Սահակյանն ասաց, թե պատգամավորներն ու մամուլը թյուրիմացության մեջ են, ոչ մի հարկ էլ չի ավելանում, ՏԻՄ-երը պետք է որոշեն` որքան հարկ են գանձելու:
Օրենսդրական փաթեթում ամրագրված է, որ համայնքը կարող է գնահատել եւ վերագնահատել օբյեկտի հարկման ենթակա բազան, իսկ անհամապատասխանության դեպքում արդյունքները ներկայացնել գնահատում եւ վերագնահատում իրականացնող լիազոր մարմնին կամ վիճարկել դատական կարգով: Գալուստ Սահակյանի ջանքերն ապարդյուն էին, ՀՀԿ-ականները երեկ այդպես էլ չհամարձակվեցին քննադատել Կառավարության ներկայացրած Հարկային փաթեթը:
Օրինագծին դեմ "Ժառանգության" կարծիքով, սա կարող է բերել արտագաղթի: "Եթե գյուղացին չունի հող, իսկ եթե հարկ դնեն, նա ստիպված կլինի հրաժարվել իր հողակտորից, նա կլքի երկիրը",-հայտարարեց "Ժառանգության" պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Իսկ Ստեփան Սաֆարյանի կարծիքով ներկայացված Հարկային փաթեթը պիրատություն եւ ավազակահենություն է:
Ի պատասխան Գալուստ Սահակյանի՝երեկ ելույթ ունեցավ անկախ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը եւ նկատեց. "Կոալիցիոն նախարարները կողմ են քվեարկել ներկայացված նախագծին, իսկ նույն քաղաքկան ուժի պատգամավորները մամուլի եւ ժողովրդի առջեւ ներկայանում են սրտացավ մարդիկ եւ դեմ են արտահայտվում: Նրանք վաղը կողմ են քվեարկելու ինչպես փիսիկ: Մարդիկ հացի փող չունեն, դուք ուզում եք ժողովրդին լրի՞վ ոչնչացնել":
Օրենսդրական փաթեթը ԱԺ-ն քվեարկության կդրվի 15 օրից: