Մինչ փետրվարի 4-ին Երևանում պատրաստվում էին Սերժ Սարգսյանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Ստեյնբերգի հանդիպմանը, ադրբեջանական մամուլը աղմուկ-աղաղակով ենթադրություններ էր անում, թե Ամերիկան ինչ անելիքներ ունի պաշտոնական Բաքվի հետ:
Սպասվում է, որ արդեն հունվարի 5-ին պետքարտուղարի տեղակալը կմեկնի Մյունխեն, որտեղ և ծրագրված է հանդիպումը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուի հետ:
Այս առիթով ադրբեջանական "Էխո" պարբերականը հարց է հղել Արևմտյան համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Ֆիքրեթ Սադիխովին, թե ինչ խնդիրներ կքննարկեն Ադրբեջանի նախագահն ու Ջեյմս Ստեյնբերգը:
"Գլխավոր հարցերից մեկը հայ-ադրբեջանական հակամարտությունը կլինի, որովհետև մեր խնդիրն է ապացուցել ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնական անձանց, որ տարածաշրջանում անվտանգության բոլոր հնարավոր սպառնալիքների աղբյուրը դա է: Եվ որքան արագ լուծվի այս հակամարտությունը, այնքան արագ կվերանա տարածաշրջանում կայունության և խաղաղության սպառնալիքը: Կարծում եմ դա կլինի Ջեյմս Ստեյնբերգի հետ հանդիպման ժամանակ մեր խնդիրը",-ասել է Ֆիքրեթ Սադիխովը:
Մեկ այլ ադրբեջանական պարբերական` "Զերկալո.ազ"-ը այս թեմայով բավականին ծավալուն հոդված է տպագրել, որտեղ փորձ է արվում հասկանալ, թե ինչ է Վաշինգտոնն ընդհանրապես ուզում Հարավային Կովկասից: Հեղինակի կարծիքով այսօր Ադրբեջանը, շնորհիվ իր էներգետիկ ռեսուրսների, կարողանում է որոշումներ ընդունելու հարցում իրեն որոշակի անկախություն թույլ տալ և չի ձգտում սիրաշահել տարածաշրջանում իշխող երկու գերտերություններից մեկին (խոսքը Ռուսաստանի և ԱՄՆ մասին է): Այդ իսկ պատճառով, ըստ նրա, Բաքվի հետ Վաշինգտոնը դեռևս խնդիրներ չունի: Ադրբեջանցի լրագրողը, սակայն, նման կարծիք չունի Հայաստանի մասին:
"Հմուտ հավասարակշռության քաղաքականությունը, որին հետևում է Հայաստանի կառավարությունը, հնարավոր է, այս պահին ամենաօպտիմալ տարբերակն է: Սակայն ինչ է անելու Հայաստանը, երբ նա նորից բախվի Կրեմլի և Արևմուտքի, ԱՄՆ-ի և Իրանի միջև հակազդեցության արտահայտումներին, որոնք, հնարավոր է, կսկսեն զարգանալ: Հավանաբար հենց դա էլ փորձելու է պարզել Ջեյմս Սթեյնբերգը",-գրում է ադրբեջանական պարբերականը:
Լ.Խ.