Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն առաջարկել է Եվրասիայում կառուցել պետությունների տնտեսական համագործակցության միություն, որը նման կլինի Եվրոպական միությանը:
"Եվրոմիության երկրներում խաղաղությունն արմատավորված է նրանց ընդհանուր տնտեսական ավազանում: Եվրասիան այսօր նման մոտեցման կարիք ունի: Եվրասիայում անհրաժեշտ է երկխոսություն, որը հիմնված կլինի վստահության վրա և կամրապնդվի տնտեսական համագործակցությամբ",- ըստ "РИА Новости" գործակալության, այս հայտարարությունը Դավութօղլուն արել է հինգշաբթի Անկարայում Եվրասիայի երկրներում Թուրքիայի դեսպանների հետ հանդիպման ժամանակ:
"Եթե Եվրասիայում չտիրի խաղաղությունն ու զարգացումը, ապա դրանք հնարավոր չի լինի ապահովել երկիր մոլորակի վրա ընդհանրապես",-նշել է Դավութօղլուն` կոչ անելով այդ մեծ տարածաշրջանի երկրներին բարձր մակարդակի վրա երկխոսություն սկսել` "նպատակ ունենալով աշխարհում խաղաղություն ապահովել":
Թուրք նախարարի կարծիքով՝ Եվրասիայի երկրների միջև տնտեսական և քաղաքական կապերը, որոնք ժամանակին ապահովվում էին Մեծ մետաքսե ճանապարհի միջոցով, այսօր պետք է զարգացնել երկաթուղային, ծովային և ցամաքային ճանապարհների կառուցմամբ:
"Հարկավոր է նորից միավորել Եվրասիայի Արևելքն ու Արևմուտքը",- նշել է Թուրքիայի ԱԳ նախարարը, նշելով, որ այդ հարցում, մասնավորապես կօգնի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որը ամենակարճ ճանապարհով կկապի Կենտրոնական և Հարավարևելյան Ասիան Եվրոմիության հետ:
Ահմեթ Դավութօղլուն որպես միջազգային հարաբերությունների զարգացման օրինակ նշել է վերջերս ակտիվորեն զարգացող համագործակցությունը Մոսկվայի ու Անկարայի միջև:
"Եվրասիայի բոլոր երկրներն էլ Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունեն: Մենք նրանց հետ կզարգացնենք հարաբերությունները`ուշադրություն դարձնելով տնտեսական մասի վրա",-ասել է Դավութօղլոն` ավելացնելով, որ Թուրքիայի և Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի սպասվող վերացումը օրինակ կծառայի տարածաշրջանի երկրների համար:
Լ.Խ.