ՀՀ առողջապահության փոխնախարար Թաթուլ Հակոբյանը երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց հիվանդացությունների և մահացությունների մակարդակի վերաբերյալ տվյալներ:
ՀՀ-ում կյանքի միջին տևողությունը 74 տարի է: Սակայն կանանց և տղամարդկանց կյանքի միջին տևողության տարբերությունը կազմում է մոտավորապես 7 տարի: Հայաստանում կանանց կյանքի միջին տևողությունը 77 տարի է, իսկ տղամարդկանցը` 70: Սակայն արևմտյան Եվրոպայի երկրներում կյանքի միջին տևողությունը 80 տարի է:
Մահացության ցուցանիշը Հայաստանում դեռևս բարձր է և ամենաբարձրն արձանագրվում է սիրտանոթային հիվանդություններից, ապա չարորակ գոյացություններից, որոնց հաջորդում են շնչառական օրգանների, մարսողական օրգանների հիվանդությունից։ Մահաբեր հիվանդությունների շարքը շարունակում է շաքարային դիաբետը, հաճախակի են մահերը նաեւ թունավորումներից ու վթարներից: Կարևորելով հիվանդության վաղ հայտնաբերումը և բուժումը, Թաթուլ Հակոբյանը հարկ համարեց նշել, որ պետք է լուրջ ուշադրություն դարձնել ուռուցքային հիվանդություններին, որպեսզի նվազի մահացության մակարդակը:
Մանկական մահացությունների 80 տոկոսը գրանցվում է 0-1 տարեկանում. առավել հաճախ մահանում են մինչև մեկ ամսական, երբ առկա են տարբեր բարդություններ, պաթոլոգիաներ և այլն: Սակայն փոխնախարարը նշեց, որ տարեցտարի նվազում է մանկական մահացության ցուցանիշը:
Հիվանդացության առումով առաջին տեղում է շնչառական օրգանների հիվանդությունները, երկրորդ տեղում ` սիրտանոթային հիվանդությունները, ապա մարսողական օրգանների, միզասեռական օրգանների և ներզատական համակարգի հիվանդությունները: Թաթուլ Հակոբյանը նշեց, որ ԱՊՀ երկրների և հարևան երկրների համեմատ մեր հանրապետությունում ծխախոտի օգտագործման ցուցանիշը բավականին բարձր է` 55 տոկոս: Նաև հավելեց, որ քարոզչական աշխատանքներն այնքան մեծ արդյունք չեն տալիս, որքան ծխախոտի գնի էական աճը: Դա, ըստ նրա` ամենաարդյունավետ միջոցն է: Եթե եվրոպական երկրներում մեկ տուփ ծխախոտը 5 դոլարի կամ եվրոյի սահմաններում է, ապա մեր հանրապետությունում ծխախոտը բավականին մատչելի է: Մոռացավ նշել՝ նաեւ անորակ։
Ծխախոտամոլության այս մակարդակի պայմաններում դժվար է կանխարգելել սիրտանոթային և սուր շնչառական հիվանդությունները: Հենց ծխախոտամոլությունն է նպաստում թոքի քաղցկեղին: "Ծխախոտի մեջ բազմաթիվ կոնցերոգեն ֆերմենտներ կան, որոնք առաջացնում են թոքի քաղցկեղ":
Ըստ փոխնախարարի` վիճակը բարվոք է ալկոհոլի օգտագործման առումով: մեկ շնչի հաշվով տարեկան 1.4 լիտր ալկոհոլ։ ԵՄ երկրներում այն հասնում է 11.4, հարևան Վրաստանում՝ 1.6, Թուրքիայում՝ 1.4 և Ադրբեջանում՝ 4.3: Սակայն սա դեռ չի նշանակում, որ մտահոգվելու կարիք չկա: