Թուրքիայում տեղի է ունեցել հրեշավոր սպանություն. 16 տարեկան աղջկան կենդանի թաղել են: Այդ ահասարսուռ լուրը հաղորդում է ռուսական "Gazeta.ru" գործակալությունը` հղում կատարելով թուրքական "Hurriyet"-ին: Հաղորդվում է, որ աղջկա հանդեպ այդ անմարդկային արարքը կատարել են նրա հայրն ու պապը: Նրանք պատճառաբանել են, թե այդպես փորձել են պաշտպանել ընտանիքի պատիվը, քանի որ աղջիկը ընկերություն էր անում տղաների հետ:
Թուրքական ոստիկանության աշխատակիցները 16-ամյա Մեդինա Մեմիյի դին հայտնաբերել են անցյալ տարվա դեկտեմբերին: Դա տեղի է ունեցել ոստիկանությունում աղջկա կորստի մասին ահազանգ ստանալուց հետո: Աղջկա դին հաջողվել է գտնել միայն անանուն տեղեկատուի զանգի շնորհիվ, որի խոսքերով՝ աղջկան սպանել են ընտանեկան խորհուրդից հետո:
Մեդինայի դին հայտնաբերել են տան կողքի հավաբնում փորած երկու մետրանոց հորի մեջ: Աղջկա ձեռքերը կապած էին: Ոճիրի հետքերը մաքրելու նպատակով այդ հորը ցեմենտապատվել էր: Դիահերձարանի տրամադրած տեղեկության համաձայն, թաղվելու ժամանակ աղջիկը եղել է ոչ միայն կենդանի, այլ նաև գիտակից վիճակում: Նրա թոքերում և ստամոքսում գտնվել են հողի գնդեր, ինչն էլ վկայում է, որ աղջիկը տանջամահ է եղել:
Հետախուզությունը պարզել է, որ ժամանակին Մեդինան բազմիցս դիմել է ոստիկանությանը՝ բողոքելով, որ հայրն ու պապը իրեն ծեծում են: "Նա երեք անգամ փորձել է թաքնվել ոստիկանատան տարածքում, և երեք անգամ նրան տուն են ուղարկել",-պատմել է Մեդինայի մայրը:
"Նա արական սեռի ընկերներ ուներ: Մեզ դա շփոթեցնում էր",- ասել է հայրը:
Նման սպանությունները Թուրքիայում նորություն չեն և հաճախ են կատարվում երկրի հարավ-արևելքում, որտեղ բնակչության հիմնական մասը քրդերն են,- գրում է բրիտանական "The Telegraph" -ը :
Ամեն տարի մոտ 200 նման սպանություն է կատարվում Թուրքիայում, որը կազմում է սպանությունների ընդհանուր քանակի մոտ կեսը: Դեռևս մի քանի տարի առաջ թուրքական դատարանը եթե չէր սատարում, ապա բավական անտարբեր էր վերաբերվում "պատվո ոճիրներին": Իսկ ամուսնական դավաճանության համար կանանց դատապարող օրենքը այս երկրում հանվել է ընդամենը 14 տարի առաջ:
ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ