"Թուրքիան այսօր ակտիվորեն փորձում է գտնել իր տեղը նոր ձևավորվող բազմաբևեռ աշխարհում": Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տեսակետը հայտնեց "Նորավանք" հիմնադրամի տնօրեն՝ Գագիկ Հարությունյանը: Նրա խոսքերով Թուրքիան այսօր մշակել է մի նոր ռազմավարություն, որը երկրի ԱԳ նախարար Դավութօղլուի թեթև լեզվով անվանվել է "նեոօսմանիզմ":
Փորձագետի կարծիքով, չնայած Թուրքիան ունի աշխարհաքաղաքական լավ դիրք և մեծ ներուժ, այնուամենայնիվ նա նաև բազում խնդիրների առաջ է կանգնած, որոնցից են՝ Կիպրոսի խնդիրը, քրդական խնդիրը, Հայաստանի հետ խնդիրը և այլ: Նույն սկզբունքը գործում է նաև Ղարաբաղյան հակամարտության հարցում: Ըստ Գագիկ Հարությունյանի՝ "Թուրքիան դե-ֆակտո հանդիսանում է Ղարաբաղյան հակամարտության կողմը":
"Նա փորձում է ռազմավարական առումով ավելի մեծ դիրքեր գրավել Կովկասում և այդպես լուծել խնդիրները",-ասաց Գագիկ Հարությունյանը:
Վերջերս Անկարայում ելույթ ունենալիս Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարեց, որ ժամանակն է, Եվրոմիության օրինակին հետևելով, Եվրասիական միություն հիմնել, և որպես օրինակ մատնանշեց ռուս-թուրքական զարգացող հարաբերությունները:
"Տարեգիրի" հարցին, թե արդյոք սա թուրքական նոր ռազմավարության բաղկացուցիչ մա՞սն է, թե՞ "Կայունության պլատֆորմի" նման հերթական մի ծրագիր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանեց. "Թուրքիան կուտակել է բավական ներուժ: Թուրքիայի վերնախավը փորձում է վերագնահատել Թուրքիայի տեղը և դիրքը աշխարհում և տարածաշրջանում: Սակայն տեսնում ենք, որ Թուրքիայի հարևան երկրները և գերտերությունները Թուրքիայի այս նոր խաղի կանոնները չեն ընդունում":
Ինչ վերաբերում է "Նեոօսմանիզմին", Ռուբեն Սաֆրաստյանը կարծում է, որ այս նախագիծը ի սկզբանե դատապարտված է տապալման: Բանն այն է, որ ներկայիս Թուրքիայի Հանրապետության շրջապատի երկրները ժամանակին Օսմանական կայսրության մաս են կազմել: Այժմ նրանք դժվար թե հավանեն Թուրքիայի "Նեոօսմաիզմը":
Գագիկ Հովհաննիսյանն էլ հավելեց. "Եթե օսմանիզմը ժամանակին բերեց Օսմանյան կայսրության փլուզմանը, նեոօսմանիզմը կբերի "կրախի"":
ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ