Փետրվարի 7-ին Ուկրաինայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների երկրորդ փուլը բառացիորեն կիսել էին երկրի հասարակությունը երկու մասի: Վիկտոր Յանուկովիչի և Յուլյա Տիմոշենկոյի համակիրները անզիջում պայքարի են ելել միմյանց դեմ: Հասարկության մի մասն էլ պնդում էր, որ ընդհանրապես հոգնել է ընտրություններից:
Ինչևէ, ընտրությունները կայացան և ամեն ինչ տեղի ունեցավ բավականին լարված մթնոլորտում:
Ուկրաինայի գործող նախագահ Վիկտոր Յուշենկոն, որը դուրս էր մնացել ընտրությունների դեռևս առաջին փուլի ժամանակ, լրագրողներին ասել է. "Այսօր Ուկրիանայի համար թիվ մեկ խնդիրը արդար և օրինական ընտրությունների անցկացումն է, որպեսզի ապացուցենք միջազգային հանրությանը, որ Ուկրաինան կարող է ժողովրդավարական ուղով փոխանցել իշխանությունը":
Նախագահի թեկնածու Վիկտոր Յանուկովիչը ընտրությունների օրը լրագրողներին ասել է. "Ես համոզված եմ նրանում, որ ուկրաինական ժողովուրդն ավելի լավ կյանքի է արժանի, այդ պատճառով ես քվեարկել եմ լավ փոփոխությունների օգտին, կայուն և ուժեղ Ուկրաինայի օգտին":
Իսկ նրա հակառակորդ Յուլյա Տիմոշենկոյի համար փետրվարի 7-ը կայացած ժողովրդավարության տոն էր: Նա լրագրողներին ասել է, որ ընտրությունների օրը կանցկացնի ընտանիքի հետ և ավելացրել. "Ես շնորհավորում եմ ժողովրդավարության տոնի առթիվ, երբ մարդիկ կարող են ազատորեն արտահայտել իրենց դիրքորոշումը և քվեարկել ժողովրդավարական երկրի համար: Ես քվեարկել եմ նոր Ուկրաինայի՝ երջանիկ եվրոպական ծաղկող տերության օգտին":
Մինչդեռ, ինչպես երևում է, մի միջազգային հանրությունն այնքան էլ տպավորված չէ Ուկրաինայի ժողովրդավարությամբ: Այսպես. Ֆրիդրիխ Նաուման հիմնադրամի ուկրաինական մասնաճյուղի ղեկավար Հաիկե Դյորենբեխերը, հարցազրույց տալով գերմանական հանրահայտ "Deutsche Welle"-ին, կարծիք է հայտնել Ուկրաինայի ընտրություններում ժողովրդավարության առկայության մասին:
"Այն Ժողովրդավարությունը, որն այժմ կա Ուկրաինայում, դա եվրոպական ժողովրդավարություն չէ, այլ տարբեր խմբավորումների միջև իշխանության վերաբաշխման գործընթաց է: Կարծում եմ, որ պատճառն այն է, որ Ուկրինայում քաղաքական կուսակցությունները պետության կողմից անկախ ֆինանսավորելու հնարավորություն չկա: Կուսակցությունները միշտ կախված են օլիգարխներից":
Ժողովրդավարության խնդիրներին ընդառաջ է գնացել նաև ուկրաինական երիտասարդությունը: Ռուսական լրատվամիջոցները հաղորդում են, որ Կիևի թիվ 20 ընտրատեղամասում, որտեղ պետք է ընտրություն կատարեր Վիկտոր Յանուկովիչը, "Ֆեմեն" կանանց հասարակական շարժումը բողոքի ակցիա էր կազմակերպել "Ուկրաինայում ժողովրդավարության հիմքերի փլուզման դեմ":
Հաղորդվում է, որ չորս կիսամերկ աղջիկներ ընտրատեղամասում բղավում էին. "Հերիք է բռնաբարեք երկիրը": Ոստիկանությունը նրանց ձերբակալել է հասարակական կարգը խախտելու համար:
Ակցիայի մասնակիցներից մեկը՝ Ալեքսանդրա Շևչենկոն, լրագրողներին բացատրել է, որ ինքն ու իր ընկերուհիները որոշել էին այդ կերպ արտահայտել իրենց բողոքը երկրում կատարվածի դեմ:
"Այն ամենից հետո, ինչ կատարվել է Ուկրաինայում ընտրությունների ժամանակ, ժողովրդավարությանը կարելի է վերջ տալ",-ասել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե աղջիկներն ինչու նման ակցիա չեն կազմակերպել Դնեպրոպետրովսկում, որտեղ քվեարկել է Յուլյա Տիմոշենկոն, աղջիկներն ասել են, որ իրենց նյութական վիճակը թույլ չի տալիս Կիևից դուրս գալ:
ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ