Հայ-թուրքական հարաբերությունները կանգնած չեն փակուղու առաջ: Այդ կարծիքն է հայտնել Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա կարծիքով, շրջանառվող պնդումները, թե հայ-թուրքական հարաբերությունները փակուղու մեջ են, չի համապատասխանում իրականությանը:
"Թուրքիան կարծես թե փորձում է ժամանակ շահել՝ իր առևտուրը Միացյալ Նահանգների հետ ավելի առարկայական դարձնելու համար",-ասաց թուրքագետը՝ ավելացնելով, որ ամենայն հավանականությամբ մոտ ապագայում Թուրքիայում կարող է սկսվել արձանագրությունների վավերացման շուրջ քննարկումների փուլը:
"Գործընթացը դանդաղել է, բայց փակուղի չի մտել",-ասաց Ռուբեն Սաֆրաստյանը
:
Մինչդեռ Թուրքիայում լարվածությունը նոր թափ է առնում: Այս անգամ պատճառը Ամերիկյան Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության վերաբերյալ բանաձևն է, որի շուրջ մեծ աղմուկ է բարձրացել:
Ադրբեջանական "Bakililar.AZ" լրատվական կայքը, հղում անելով թուրքական "Hurriyet" թերթին, գրում է, որ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեթ Դավութօղլուն հայտարարել է. "Երեք իրադարձությունների զուգադիպումը վերջերս մեզ շատ է անհանգստացնում":
Ասելով "երեք իրադարձություն", Դավութօղլուն, իր իսկ բացատրությամբ, նկատի ուներ Կոնգրեսում Հայոց Ցեղասպանության քննարկման հարցը, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որտեղ, ըստ նրա, հայկական կողմը ետ է քաշվել փոխզիջումային դիրքերից, և Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը՝ կապված հայ-թուրքական արձանագրությունների հետ:
"Երբ մենք հայտարարեցինք արձանագրությունների ստորագրության մասին, Թուրքիայի վրա ոչ մի ճնշում չկար: Մենք հավատում էինք, որ ճիշտ ուղու վրա ենք: Եվ թող այսօր ոչ ոք չսպասի, որ ճնշման ներքո ապրիլի 24-ին մենք կգնանք այնպիսի քայլերի, որոնց չենք հավատում":
Դավութօղլուի այս հայտարարությունները թուրքական խաղի հերթական փուլ են հիշեցնում: Նրա նշած երեք անհանգստացնող կետերին էլ կարելի է հակադարձել:
Նախ, Հայոց Ցեղասպանության խնդիրը ամերիկյան քաղաքական շրջանակներում միշտ էլ եղել և մնում է քննարկման և Թուրքիայի վրա ճնշում գործադրելու առարկա: Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու փորձեր անելուց առաջ պետք է որ դա հաշվի առած լիներ:
Սահմանադրական Դատարանի որոշման մասին Արևմուտքը և մասնավորապես՝ ԱՄՆ-ն, ասել են, որ այն չի հակասում հայ-թուրքական արձանագրությունների բովանդակությանը:
Ինչ վերաբերում է Սոչիում հայկական դիրքի փոփոխության մասին պնդումներին, ապա կարծում ենք Դավութօղլուն ինքը քաջ գիտակցում է, որ այն պարագայում, երբ Ալիև կրտսերը սպառնում է պատերազմով և չի ցանկանում որևէ զիջման գնալ, խոսել հայկական "անզիջում" դիրքերի մասին՝ մեղմ ասած, անհիմն է:
ԼԻԱՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ